Ազգային Ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն առաջարկում է Հայաստանում ապաքրեականացնել թմրանյութերի օգտագործումը՝ շեշտելով, որ արատավոր երևույթների դեմ միշտ չէ, որ պետք է մահակով պայքարել:
Ազգային ժողովում «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից նախագծերի օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ պատգամավորն ընդգծեց, որ այդ հարցում կարելի է ուսումնասիրել Պորտուգալիայի փորձը, որտեղ թմրանյութերի օգտագործումն ապաքրեականացվել է, ինչի հետևանքով այդ երկրում թմրանյութերի օգտագործումը կտրուկ նվազել է: «2001թ. Պորտուգալիան ամբողջությամբ ապաքրեականացրել է թմրանյութերի օգտագործումը, և մի բան է նկատվել: Այնտեղ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի անհրաժեշտությունը զրոյացել է այն առումով, որ օգտագործումը խիստ կրճատվել է: Ցանկանում եմ հիշեցնել, որ ԱՄՆ-ում մի ժամանակ պայքարում էին սպիրտային խմիչքների օգտագործման դեմ, և պայքարեցին այնքան ժամանակ մինչև ապաքրեականացրեցին սպիրտային խմիչքների օգտագործումը և հասկացան, որ պայքարել պետք չէր: Ես կարծում եմ, որ շատ լավ կլինի այս հարցում միջազգային փորձն ուսումնասիրել: Շատ լավ կլինի, որ մենք զերծ մնանք նման արատավոր երևույթներից, սակայն միշտ չէ, որ պետք է արատավոր երևույթների դեմ մահակով պայքարել»,- ընդգծեց Զուրաբյանը: Պատգամավորը կարծիք հայտնեց, որ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի հարցում ոստիկանությունը «մնացել է 20-րդ դարում»: «Համոզված եմ, որ մի բան պետք է նկատի ունենանք՝ ամբողջ աշխարհում թմրամիջոցների օգտագործումը գոնե որոշակիորեն ազատականացնելու տրենդ է նկատվում: Մենք այդ –ճանապարհով չենք գնում, և ցանկանում եմ ասել հետևյալը: Լավ կլինի, որ մենք ուշադիր ուսումնասիրենք պորտուգալական փորձը: Կարծում եմ, որ այստեղ մենք անելիք ունենք»,- եզրափակեց Զուրաբյանը: